ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ, ԿԱՄ ԻՆՉՈՒ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ՏՏ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ, ԿԱՄ ԻՆՉՈՒ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ՏՏ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
02.03.2010 | 00:00

Փետրվարի 26-28-ին Աղվերանում տեղի ունեցավ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ղեկավարների հերթական հանդիպումը։ Այս անգամ ֆորումն ընդլայնել էր շրջանակները և անդրադարձավ ոչ միայն ՏՀՏ ոլորտի խնդիրներին, այլև տնտեսության այլ ոլորտներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառությանը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ամփոփելով 2009 թվականը, նշեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը ՏՀՏ ոլորտի վրա ազդեցություն գրեթե չի ունեցել։ Ոլորտն արձանագրել է մոտ 17 տոկոս աճ, աշխատատեղերի կրճատումներ այստեղ չեն գրանցվել։ Սակայն, այդուհանդերձ, ըստ տնօրենի, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտն այսօր Հայաստանում գտնվում է ճամփաբաժանում, և նոր մոտեցումների որդեգրումն ուղղակի անխուսափելի է։ «Այն մեթոդոլոգիան, որով զարգանում էին հայկական տեղեկատվական տեխնոլոգիաները, իրեն աստիճանաբար սպառել է։ Այսօր պետք է մտածել բոլորովին նոր արտադրատեսակների մասին, իսկ դրանք պահանջում են բոլորովին նոր մտածողություն, նոր մոտեցումներ ու նպատակներ։ Ես վստահ եմ, որ մեր ճանապարհը մեկն է՝ արտադրել սեփական ապրանքներն ու ծառայությունները՝ «Ստեղծված է Հայաստանում» մակագրությամբ։ Այդ առումով 2010-ի մեր հիմնական առաջնահերթությունները լինելու են կրթությունը, մեծ թվով նոր տեխնոլոգիական կազմակերպությունների ստեղծումը և ՏՀՏ լուծումների ներդրումը տնտեսության տարբեր ոլորտներում»։
ԻՏՁՄ գործադիր տնօրենն ամփոփեց նաև պետեկամուտների կոմիտեի հետ աշխատանքների արդյունքները, որոնց շնորհիվ լուծվել և լուծվում են հարկային ու մաքսային մի շարք հարցեր, որոնք խոչընդոտում էին ՏՀՏ ոլորտի զարգացմանը։ Մասնավորապես նշվեց, որ վերջին շրջանում ավելի ու ավելի շատ ընկերություններ են սկսել մաքսազերծումն իրականացնել մաքսային օրենքի 87-րդ հոդվածով և ոչ թե շուկայական կողմնորոշիչ գների կիրառմամբ։ 87-րդ հոդվածի կիրառումն օգնում է, որ ընկերությունները ֆինանսական կորուստներ չունենան։
ԻՏՁՄ-ն պետեկամուտների կոմիտեի, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ քննարկել է կրթական և գիտահետազոտական ներդրումների խնդիրը։ Բանն այն է, որ շահութահարկի մասին օրենքով կրթական ներդրումների չափը չի կարող գերազանցել հասույթի 0,25 տոկոսը, սակայն ԻՏՁՄ-ն առաջարկել է այդ շեմը բարձրացնել նվազագույնը չորս անգամ։ ՏՀՏ ընկերություններում պարբերաբար մեծ թվով համակարգչային տեխնիկա է կուտակվում, և քանի որ նվիրատվության մեխանիզմներ չկան, պետեկամուտների կոմիտեն առաջարկել է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի միջոցով լուծել այդ հարցը։ Բացի այդ, այսօր գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծախսերը ևս հաշվեգրվում են, եթե համապատասխանում են կառավարության 2002-ին ընդունած որոշմանը։ Սակայն այդ որոշումը բավականին հնացել է և չի ներառում ինովացիոն գործունեությունը, ուստի ԻՏՁՄ-ն առաջարկել է թարմացնել այն։
Մեծ խնդիրներ են առաջանում ՏՀՏ ոլորտի ապրանքների արտահանման ժամանակ, քանի որ դրանք իրենց կոդերով գրեթե միշտ հայտնվում են երկակի նշանակության ապրանքների ցանկում։ Իսկ երկակի նշանակության են համարվում այն ապրանքները, որոնք կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման և դրա փոխադրման համար։ Այս հարցում Հայաստանի վրա մեծ ճնշում կա միջազգային կազմակերպությունների և այլ երկրների կողմից։ Խնդրին լուծում տալու նպատակով առաջիկայում ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները հանդիպելու են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան փորձագետների հետ՝ քննարկելու և գտնելու այն ուղիները, որոնք չեն խոչընդոտի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։
Կարեն Վարդանյանը նշեց նաև, որ ոլորտի զարգացմանը խոչընդոտում են ոչ միայն ներքին, այլև արտաքին խնդիրները։ Մասնավորապես, խոսքը Եվրամիության գործադիր մարմնի համապատասխան որոշման մասին է, ըստ որի՝ Հայաստանը Կոնգոյի, Ադրբեջանի, Բրունեյի, Չինաստանի հետ հայտնվել է մի ցուցակում, որտեղ սահմանափակվում է վերլուծական սարքավորումների և դրանց բաղադրամասերի արտահանումը։ «Հայաստանն ընդգրկված է «Եվրամիություն. նոր հարևաններ» ծրագրում, և եվրոպական այս կառույցի նման մոտեցումը մեր երկրի նկատմամբ ուղղակի անընդունելի է։ Այստեղ մենք գործ ունենք երկակի ստանդարտների հետ։ Եթե մենք տեխնոլոգիական զարգացման նպատակ ենք դրել մեր առջև, պետք է կարողանանք ներմուծել նաև տեխնոլոգիական լուրջ սարքավորումներ, որպեսզի դրանց հիման վրա ստանանք նորերը։ Այս հարցում մենք լուրջ խոչընդոտների ենք հանդիպում Եվրամիության կողմից»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրենը։
Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2711

Մեկնաբանություններ